ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՈւԵՐԼԻՖՏԻՆԳԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ
Հայաստանի Հանրապետությունում գործող ֆեդերացիա, որը զբաղվում է Հայաստանում, Արցախում, Սփյուռքում և Ջավախքում պաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) առաջնությունների կազմակերպմամբ և անցկացմամբ։ Մարզական ֆեդերացիան գրանցված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պետական աջակցության ֆեդերացիաների կազմում։ Ֆեդերացիայի մարզիկները բարձրացնում են ՀՀ դրոշը և հնչեցնում ՀՀ օրհներգը միջազգային տարբեր հարթակներում։
Ֆեդերացիան պետական գրանցում է ստացել 2001 թվականին ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ, դոցենտ Գագիկ Սարոյանի նախաձեռնությամբ։ Անվանվել է Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիա (ՀՊՖ), ունի ներկայացուցչություններ Հայաստանի բոլոր մարզերում։ Հանդես է գալիս միջազգային մրցահարթակներում։
Սկսած 20-րդ դարի 70-ական թվականներից ինչպես նախկին ԽՍՀՄ մի շարք խոշոր հանրապետություններում, այնպես էլ Հայաստանում վերստին զարթոնք ապրեցին ուժային մարզաձևերը, որոնք մեկ անվանումով կոչվեցին աթլետիզմ։
ՀՀ Սպիտակ քաղաքի ավերիչ երկրաշարժից հետո, 1988 թ․-ին, սպորտում արդեն լուրջ առաջընթացներ գրանցած, ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ, սպիտակցի մարզիկ ու մարզիչ Գագիկ Սարոյանը հավաքագրեց երկրաշարժից տուժած անապահով և ծնողազուրկ երեխաներին, հաշմանդամներին, բացեց մարզական ակումբ, որոնցով և դրվեց ուժային եռամարտի հիմքը, նպատակ ունենալով նեցուկ լինել ազգային բանակին։
Իսկ 1990թ․-ին սպորտի վարպետ Ռազմիկ Այվազյանը հիմնադրեց աթլետիզմ մարզաձևերը, որի կազմում ներառվեցին 6 ուժային մարզաձևեր՝ բոդիբիլդինգ (կուլտուրիզմ), պաուերլիֆտինգ (ուժային եռամարտ), արմռեստլինգ (բազկամարտ), ծանրագնդամարտ, հաշմանդամների ուժային եռամարտ։
2001թ-ին պետական գրանցում ստացավ Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիան (ՀՊՖ)։ 2002թ-ին ՀՊՖ-ն դարձավ Միջազգային պաուերլիֆտինգի ֆեդերացիայի անդամ և սկցեց իր հաղթարշավը ողջ աշխարհով։
Ներկայումս մարզական ֆեդերացիան ունի շուրջ 40 մարզիչ և 3000 մարզիկ, ինչպես նաև ներկայացուցչություններ Երևան քաղաքում, Հայաստանի մարզերում, ինչպես նաև ՀՀ բուհերում և ուժային կառույցներում։ Համագործակցում է Հայաստանի «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ի հետ և պարբերաբար մասնակցում են դասընթացներ և սեմինարներ, ինչպես նաև մեր մարզիկներից 6 հոգի ներառված են ազգային պարտադիր թեստավորման փուլում, որոնցից երկուսը տարեկան երեք անգամ անցնում են դոպինգ ստուգում, իսկ մյուս չորսը տարեկան պարտադիր մեկ անգամ։ Մարզիկները թեստավորվում են նաև մրցումների ընթացքում
ՀՊՖ-ն անց է կացնում Հայաստանի պաուերլիֆտինգի առաջնություններ՝ մեծահասակների, երիտասարդների, պատանիների, կանանց, հաշմանդամների, ուսանողական և դասախոսական խմբերում։ Անց են կացվում նաև հուշամրցաշարեր, գավաթի առաջնություններ և ուսումնամարզական հավաքներ։ Մեր մարզիկները մասնակցում են աշխարհի, Եվրոպայի, ԱՊՀ երկրների, և միջազգային մրցաշարերի։
Հայաստանի Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի կարգախոսն է՝ «Այսօրվա մարզիկը մեր վաղվա զինվորն է»։
Ֆեդերացիան ունի ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆ, ԿՈՄԻՏԵՆԵՐ և ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
«Այսօրվա մարզիկը, վաղվա զինվորն է».